Ո՞վ ենք մենք

 «Կաղնին» կառուցվել է ընդամենը 1 տարվա ընթացքում։ Հյուրանոցի ստեղծումը հեշտ չէր՝ կորոնավիրուս, պատերազմ․․․,բայց Հայաստանի ամենագողտրիկ անկյունում գեղեցիկ հյուրանոց կառուցելու նպատակը ստիպում էր չհուսահատվել եւ գնալ առաջ։ Հետաքրքիր լուծումներով, թումանյանական շնչով եւ դսեղյան համուհոտով հյուրանոցի ստեղծումը հնարավոր եղավ Triptych Architecture & Construction-ի ճարտարապետական արվեստանոցի մասնագետների շնորհիվ։

Մեր արհեստավարժ ճարտարապետները «Կաղնի»-ի արտաքին տեսքը նախագծել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ։ Ինչպես տեսնում եք՝ երկու դեպքում էլ նույն ասիմետրիկ երկլանջ տանիքն է, իսկ աջ կողմում ճարտարապետներն այն հակակշռել են ոչ սովորական կերպարով մի ծավալատարածական հորինվածքով։

«Վատ տեսարաններ» այստեղ չեք գտնի, բոլոր սենյակների պատուհանները ուղղված են դեպի արևկող գեղեցիկ տեսարան։ Հյուրանոցի ինտերիերը պարզ ժամանակակից ոճի մեջ է, իսկ լայն բացվածքով պատուհանները թույլ են տալիս ներսում զգալ բնության մեջ լինելու վայելքը։

       Նախամուտքում կտեսնեք մի փոքրիկ հատված դսեղյան հեքիաթային իրականությունից, գյուղական սվաղի տպավորությամբ հարդարված ընդունարանի պատը եւ Թումանյանի ծննդավայրից ձեռք բերված գորգը դսեղյան մշակույթի, բնության համն ու հոտը ունի։ Հյուրանոցի ստեղծման ողջ ընթացքում աշխատած մեր մասնագետները ջանք եւ եռանդ չեն խնայել ճարտարապետների մտահղացումը ճշգրտորեն իրականացնելու համար։

 Իսկ գիտեք, թե ինչո՞ւ է այն «Կաղնի» կոչվում։ Կաղնին Լոռու մարզի խորհրդանիշներից մեկն է, որը պատկերված է մարզի զինանշանի վրա։ Այն Լոռու անտառների, բնության խորհրդանիշն է։ Դրանից բացի՝ կաղնին հայերի մեջ ընկալվել է որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ։

       Այսօր արդեն Ձեզ ենք ներկայացնում մեր 3 հարկանի հյուրանոցը՝ իր 13 համարներով։ Սիրով սպասում ենք Ձեզ մեր «Կաղնի»-ում, դուք արժանի եք իսկական հանգիստը ճաշակելու հաճույքին։ Ձեր կատարյալ հանգստի համար մեր աշխատակիցները ոչինչ չեն խնայի։